Понедельник, 02.12.2024, 02:35

 
   

Главная | |Регистрация |Вход

Меню сайта
Категории раздела
Обзор прессы [102]
Аналитика и Геополи́тика [52]
Армия [18]
Внешняя политика [7]
Наши баннеры


Коды баннеров
Друзья сайта


Архив записей
Статистика
Форма входа
Главная » 2010 » Ноябрь » 18 » Ոսկեպարի կորուստներն ու ձեռքբերումները(НА АРМЯНСКОМ)
22:46
Ոսկեպարի կորուստներն ու ձեռքբերումները(НА АРМЯНСКОМ)
Սահմանից 1 կմ հեռավորությամբ փոքր ՀԷԿ  է կառուցվել

 

Սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Հրուշ Աղբալյանի աշխատասենյակում ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի խորհրդանիշ-շարֆ կա, 1593թ. հիմնադրված այդ քաղաքի պատկերով ափսե: Դրանք Ոսկեպարի գյուղապետին է նվիրել Ստարի Օսկոլի քաղաքապետը, ով այս տարի ռուսական այդ քաղաքում բնակվող ոսկեպարցի մի գործարարի հրավերով եկել էր Ոսկեպար, հիացել տեղի հրաշք անտառներով, հյուրասիրությամբ, քեֆերից մեկի ժամանակ  քաղաքի խորհրդանիշ շարֆը փռել Հրուշ Աղբալյանի ուսերին, նրան հրավիրել իր ղեկավարած  քաղաք: Ոսկեպարի գյուղապետը Ռուսաստան չի գնացել, որովհետեւ ճանապարհածախսի փող չունի: Նա 113 հազար դրամ «մաքուր» աշխատավարձից ամիսը 15 հազար դրամ է հատկացնում գյուղում ամիսը մեկ անգամ աղբահանություն կատարելու համար: Իսկ Ստարի Օսկոլի քաղաքապետին Ոսկեպար հրավիրած գործարարը մոտ 13 տարի առաջ Ոսկեպարում նոր տուն կառուցեց… գյուղի ֆուտբոլի մարզադաշտում: Այդ գործը «հաջողեցրեց» նախկին մարզպետ, այժմ հանգուցյալ Պավել Ասատրյանը: Մինչ այժմ Ոսկեպարը ֆուտբոլի մարզադաշտ չունի եւ այդ մարզաձեւի պատանի սիրահարները խաղում են դպրոցի տարածքում կառուցված մինի խաղադաշտում:  Ստարի Օսկոլում բնակություն են հաստատել հարյուրավոր ոսկեպարցիներ: Նրանք մի օր քաղաքի մուտքի ցուցանակին խազել են «Նովիի Ոսկեպար» գրությունը: 1970-ական թվականներին Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, այսօր գյուղի եռահարկ միջնակարգ դպրոցում սովորում է 98 աշակերտ: 2002-2003թթ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով հիմնանորոգված այդ կրթօջախի տնօրեն Նվեր Բեգլարյանն ասում է, որ չի ցանկանում աշխատողների կրճատումներ անել.

«Արատավոր շղթա է ստացվում: Եթե մի ուսուցչի կամ տեխնիկական աշխատողի կրճատեմ, ընտանիքով կհեռանա Ռուսաստան, քանի որ գյուղում այլ աշխատանք չկա: Այդ ընտանիքի գնալով դպրոցի երեխաների թիվն ավելի կնվազի»: Դպրոցի տնօրենը կրթօջախի  խնայողությունների հաշվին դասարաններից մեկի նախատեսված կրճատումը չեղյալ է համարել, կանխելով երկկոմպլեկտ դասարանի ստեղծումը:

Ոսկեպարն փոքրիկ նվաճում ունի. ընթացիկ տարում սահմանամերձ գյուղում ծնունդների քանակը գերազանցել է մահվան դեպքերի թիվը. եղել է  15 ծնունդ եւ 12 մահ: Գրանցված 1100, սակայն փաստացի 860 բնակիչ ունեցող Ոսկեպարի այս տարվա  բյուջեն 14 միլիոն 993 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 10 միլիոն 770 հազար դրամ: Գյուղում հիմա միայն մի ծրագիր է իրականացվում, Գերմանական տեխնիկական աջակցության (GTZ) կողմից  իրականացվող «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով երկու թաղամասում խճապատում է կատարվել, տեղադրվել ջրահեռացման համակարգ: Այս գործին 300 լ սոլյարկայով օգնել է Լոռու մարզից մեծամասնական համակարգով ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Ոսկեպարի պաշտպանությանը: Տավուշի թիվ 40 ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանն էլ անցած տարի 2.8 միլիոն դրամ աջակցություն էր ցուցաբերել գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրով, 36 միլիոն դրամ արժողությամբ 3.5 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցմանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի միջնորդությամբ այդ ծրագրում համայնքի 10 տոկոս ներդրումը կատարել էր կառավարությունը: Երեք տարի առաջ պետբյուջեի ֆինանսավորմամբ Ոսկեպար մտնող ճանապարհն ասֆալտապատվեց: Սակայն 900մ անբարեկարգ հատված է մնում, որ ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհը միանա գյուղի վերեւով ձգվող, շրջանցիկ ավտոճանապարհին: Նորակառույց ասֆալտապատ ճանապարհի եզրին սելավատար առուներ չկառուցվեցին: Անցյալ տարվա ամռանը Ոսկեպարում գտնվելով` տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը իր խոսքերով` «ֆիքսել է» այդ խնդիրները: Գյուղապետ Հրուշ Աղբալյանը հույս ունի, որ առաջիկայում դրանք կլուծվեն: Ոսկեպարի համար չլուծված հիմնախնդիր է հրետակոծված եւ պատերազմական գոտում գտնվելու պատճառով լքված տների տերերին փոխհատուցման հարցը: 1980-ական թվականների սկզբին ռազմավարական նկատառումներով բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, ադրբեջանական Աշաղի Աքսիբարա (Ներքին Ոսկեպար) գյուղի մոտ մի ամբողջ թաղամաս կառուցվեց` 27 առանձնատուն: Սակայն դրանց տերերը չհասցրին այնտեղ բնակվել.

 80-ականների վերջին սահմանագոտում  իրավիճակը սրվեց: Հիմա այդ տները ռազմական գոտում են գտնվում: Դրանց տերերը, որոնց մի մասը Ռուսաստանում է, արդեն երկու տասնամյակ պետությունից փոխհատուցման են սպասում: Ոսկեպարի գյուղամիջում լրագրողի հետ զրույցի ժամանակ Ռուբիկ, Լեւոն եւ Վլադիմիր Պապյաննները, Էլյազ Ալավերդյանը, Վանյա Ստեփանյանն էլ բողոքեցին, որ ադրբեջանական հրետակոծությունից իրենց տները վթարային են դարձել: Տավուշի մարզպետարանից եկել են,  տներն ուսումնասիրել, լուսանկարել, սակայն  այդ հարցը եւս լուծում չի գտել: Ոսկեպարի վերջին փոքր ձեռքբերումներից է Ադրբեջանի սահմանից ուղիղ 1 կմ հեռավորությամբ Ոսկեպար գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը: «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ի բաժնետեր  երեւանցի ներդնողներն արդեն փորձարկել են ՀԷԿ-ի մի ագրեգատ: Փոքր հիդրոէլեկտրակայանի գործարկումով գյուղում մի քանի աշխատատեղ կստեղծվի, ձեռնարկությունն էլ համայնքին ոչ մեծ`  տարեկան 30 հազար  դրամ հողի հարկ կվճարի: Իսկ Նոյեմբերյանի սարերից դեպի Կոթի ձգվող, ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ 27 կմ ջրագծի շինարարության ավարտը ձգձգվում է: Այն դեռեւս 2008-ին պիտի գործարկվեր: Այս ջրագծով Ոսկեպարում  280 հա վարելահող եւ 120 հա տնամերձ կդառնա ինքնահոս  ոռոգելի: 1980-ական թվականներին Ոսկեպարը 7 տարի բնական գազ է ստացել Ադրբեջանից եւ դրա համար ոչ մի կոպեկ չի մուծել: Գազամատակարարումը դադարեց հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից: Ոսկեպարի եւ հարակից սահմանամերձ 5 գյուղերի գազաֆիկացման ծրագիրը տարեցտարի հետաձգվում է: Սահմանմերձ Ոսկեպարի  համայնքապետարանի շենքը, որը ադրբեջանական հրետակոծություններից տասնյակ տեղեր վնասվել է,  խարխլվել, հիշեցնում է

16 ոսկեպարցու կյանք խլած պատերազմի չսպիացած վերքերը: Ե՞րբ կհիմնանորոգվի համայնքապետարանի շենքը, ի՞նչ միջոցներով: Միգուցե այն ժամանակ ոսկեպարցիները դադարեն մտածել Ստարի Օսկոլ գնալու մասին եւ հայացքները հառնած հայրենի Կատարքա սարին` արարեն խաղաղ օրերի տարեգրությունը:

 





Ոսկան Սարգսյան Сайт "Тесанкюн"
Просмотров: 681 | Добавил: voskepar | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 voskepar  
0
մոտ 13 տարի առաջ Ոսկեպարում նոր տուն կառուցեց… գյուղի ֆուտբոլի մարզադաշտում: Այդ գործը «հաջողեցրեց» նախկին մարզպետ, այժմ հանգուցյալ Պավել Ասատրյանը: Մինչ այժմ Ոսկեպարը ֆուտբոլի մարզադաշտ չունի եւ այդ մարզաձեւի պատանի սիրահարները խաղում են դպրոցի տարածքում կառուցված մինի խաղադաշտում:
ВРОДЕ ОБЕЩАЛ СТРОИТЬ.СЛАБО ВОСКЕПАРЦАМ СПРОСИТЬ У НЕГО,ГДЕ ФУТБОЛЬНОЕ ПОЛЕ?

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
VOSKEPAR
АРМЯНСКИЙ ХЛЕБ
Календарь
Поиск
Мини-чат
200
ВОСКЕПАР ©2010 - 2024