Ապրիլի 3-ին հայկական Երասխի եւ Նախիջեւանի Սադարակ գյուղի սահմանագծին ադրբեջանցիներին են հանձնվել մարտի 3-ին Կոթի գյուղում ավազակությամբ եւ անասնագողությամբ զբաղվող երկու ադրբեջանցի դիվերսանտների դիակները: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրանք 1982թ. ծնված Հասան Հուսեյին օղլի Հուսեյնովի եւ 1983թ. ծնված Սակիտ Շարիֆ օղլի Մամեդովի դիակներն են: Երկու ավազակներն էլ թաղվել են Ղազախի շրջանի Մազամ գյուղում: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ նրանք սպանվել են անասուններ արածեցնելու ժամանակ` Մազամ գյուղի, ինչպես նաեւ` Կոթի գյուղի ուղղությամբ, երբ «պատահական» անցել են հայկական սահմանը : Ի դեպ, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Կոթիում ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման մասին, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այդ հաղորդագրությունը համարեց «անհեթեթություն»: Հիմա հարեւան երկրի պաշտպանության նախարարությանը ստիպված սկսել է «ստեղծագործել»: Դուք գիտե՞ք, թե որն է ավազակների ծննդավայր Մազամ գյուղը: Դա Ջողազի լճի ափին, Բերքաբեր գյուղի դիմաց ադրբեջանական փոքր գյուղն է: Այսինքն` ավազակները լավ են իմացել հայկական գյուղերը, դիրքերը, Կոթի գյուղի սահմանը, քանզի ժամանակին Ջողազի ջրամբարից սկիզբ առնող ոռոգման ջրագիծը ադրբեջանական տարածքով հասնում էր մինչեւ Կոթի: Պարզապես հասկանալի չէ, թե ինչու՞ հայկական կողմը հայտարարում «բարի կամքի» մասին եւ մեր սահմանամերձ գյուղերում բազմաթիվ անասնագողություններ կատարած ազերիների դիակները միակողմանի վերադարձնում: Ռուսական իշխանությունները երբեք հարազատներին չեն վերադարձնում չեչեն տեռորիստների դիակները: Կովկասում անթաղ մնալը կամ անհայտ գերեզմանոցում, առանց հուշ-հիշատակի ամփոփվելն անպատվություն է զոհվածների հարազատների համար: Միգուցե ճիշտ կլիներ անասնագողերի դիակներն ընդհանրապես ազերիներին չհանձնելը, որպեսզի այլեւ ոչ մի ադրբեջանցի անասնագող չհամարձակվեր մտնել մեր սահմանամերձ շեները: Դիվերսանտ-անասնագողերի դիերը գոնե փոխանակեին Ադրբեջանում գտնվող 6 հայ զինծառայողների կամ Նախիջեւան անցած հայ ընտանիքի հետ: Ի՞նչ բարի կամք ադրբեջանցիների հանդեպ, ովքեր ամեն օր մեզ թշնամի են համարում եւ բարբաջում, թե իբր հայերն իրենց «ցեղասպանության» են ենթարկել: Չեմ զարմանա, եթե նման բարի կամքի հետեւանքով Տավուշի սահմանագոտում անասնագողությունները վերսկսվեն: